Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին շաբաթ օրը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ դրանք անվանելով «աղաղակող ագրեսիա» պաղեստինցի քաղաքացիական բնակչության դեմ, որն սպառնում է ընդգրկել ողջ Մերձավոր Արեւելքը, տեղեկացրել է АР-ն։

Սաֆադիի խոսքով՝ Իսրայելը «ռազմական հանցագործություններ» է կատարում՝ պաշարելով Գազայի հատվածը եւ դադարեցնելով պարենի, դեղամիջոցների եւ վառելիքի մատակարարումները։

«Մենք բոլորս պետք է բարձր եւ հստակ հայտարարենք աղետի մասին, որը բերում է իսրայելական պատերազմը ոչ միայն Գազայի հատվածում, այլեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում,- ասել է Սաֆադին Բահրեյնում, «Մանամայի երկխոսություն» ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գագաթաժողովում։- Այժմ շատ խոսելու ժամանակը չէ։ Եկել է փաստերն ինչպես որ կան արձանագրելու ժամանակը»։

«Դա ինքնապաշտպանություն չէ։ Դա աղաղակող ագրեսիա է, որի զոհ են դառնում անմեղ պաղեստինցիները»,- ավելացրել է նա՝ անհապաղ հրադադարի եւ մարտական գործողությունների դադարեցման կոչ անելով։