Գազայում տասնյակ հազարավոր երեխաներ կարող են մահանալ, եթե հումանիտար իրավիճակը արագ չբարելավվի, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը։

«Եթե հումանիտար իրավիճակը, ներառյալ մաքուր խմելու ջրի հասանելիությունը, շուտով չբարելավվի, մենք կտեսնենք, որ Գազայում մահացող երեխաների թիվը շատ կտրուկ կաճի: Սա հազարավոր և նույնիսկ տասնյակ հազարավոր երեխաների կյանքի ու մահվան հարց է դարձել»,- ասաց նա։

Էլդերը հավելել է, որ վերջին օրերին տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով Գազայի երեխաները նույնպես համաճարակների վտանգի տակ են։

«Մենք պետք է բավարար վառելիք ունենանք մարդասիրական գործողությունների համար, մենք պետք է ունենանք բավարար քանակությամբ ջուր և սնունդ: Մեզ նաև գեներատորներ են պետք»,- ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը։

Նախօրեին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն հայտարարել էր, որ Գազայի պատերազմը ռեկորդային ժամանակում բազմաթիվ կյանքեր է խլել և տասնամյակների ընթացքում չտեսնված դաժանության մակարդակով, հինգ շաբաթվա ընթացքում սպանվել է ավելի քան 4600 երեխա: