Լոռիի մարզում 2011 թվականը նպաստավոր եղավ ոչ միայն կարտոֆիլի ու հացահատիկի բերքի ու սպառման արդյունքում ստացված շահույթի առումով, այլեւ անասնապահության զարգացման, անասնագլխաքանակի ավելացման, ու դրա արդյունքում ստացված կաթնամթերքի խոշոր ծավալների առումով:
Այս տեսանկյունից կարելի է ասել, որ 2011-ը գյուղատնտեսական արդյունավետ տարի դարձավ Լոռիի մարզի համայնքների համար: Այս հանգամանքը փաստեց նաեւ օրերս մարզ այցելած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով, Մեծ Պարնի, Լեջան, ինչպես նաեւ Տավուշի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքերում այս տարի խոշոր ներդրումներ են արվել անասունի գլխաքանակի ավելացման համար, ինչի հետեւանքով, ստացված կաթնամթերքը զգալի շահույթ է բերում մարզի անասնապահներին: Թեեւ այս տարի կաթի սպառման գինը գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը` նախկին 120-150-ի փոխարեն կազմելով 150-220 դրամ, սակայն, համեմատական կարգով, գերազանցեց 2010-ի տվյալները:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ եթե հացահատիկային բույսերի մշակման համար Լոռին լեռնային գոտի է ու երրորդ տեղն է զբաղեցնում մարզերի շարքում, ապա անասնապահության առումով, այստեղ հարմար արոտավայրեր կան, հետեւաբար, մարզը բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ունի` անասնապահության առումով առաջնակարգ դիրքեր զբաղեցնելու համար:
Լոռիի մարզի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը համակարծիք է այս հարցում, եւ որպես ապացույց, ներկայացնում է 2011 թվականի անսնագլխաքանակի համեմատական տվյալները 2010 թվականի նկատմամբ, որտեղ հստակ է խոշոր ու մանր եղջերավոր անասունների, խոզերի, ընտանի թռչունների, մեղվաընտանիքների ու ձիերի ընդհանուր թվաքանակի ավելացումը: Հաջորդ տարի արդեն, ակնհայտ կդառնան մազում ՀՀ կառավարության կողմից կատարված գյուղատնտեսական, ու մասնավորապես անասնապահական ներդրումները:

































