Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե թուրքական Ինջիրլիք բազան, իբր, օգտագործվել է ամերիկյան ինքնաթիռներով Իսրայել զենք փոխադրելու համար։ 

«Մեզ համար՝ որպես Թուրքիա, նույնիսկ խոսք չի կարող լինել այն մասին, որպեսզի մենք մասնակցենք կամ օժանդակենք որևէ գործողություն, որը կարող է վնասել Գազայի մեր եղբայրներին և քույրերին։ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում պարզ է»,- մեջբերում է Aydınlık թերթը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքերը։

Ավելի վաղ, մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ամերիկյան ինքնաթիռներն իբր վայրէջք են կատարել Ինջիրլիք ավիաբազայում և Հարավային Կիպրոսի տարածքով զենք են տեղափոխում Իսրայել։