Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն, հոկտեմբերի 25-ին, «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին մոտ 30 ուսանողների այցելություն Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում տեղակայված հրաձգային գումարտակ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ուսանողները այնտեղ ծանոթացել են բանակային առօրյային, հայրենասիրական երգեր երգել: Երիտասարդները եղել են նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված հենակետերից մեկում, զրուցել շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ եւ պարգեւատրել 10 ժամկետային զինծառայողների եւ 10 սպաների։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշել է, որ հիմնադրամը ռազմահայրենասիրական ծրագրերի շրջանակներում պարբերաբար իրականացնում է այցելություններ զորամասեր, հատկապես այն զորամասեր, որոնք առնչվում են դիրքերում մեր սահմանների պաշտպանությանը։




























