«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խումբը նախօրեին անակնկալ այցելել է Երեւանին մերձակա սերժանտների պատրաստման ուսումնական զորամասերից մեկը եւ առանձնազրույցներ ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների հետ:

Վերջիններս նշել են, որ զորամասում առկա են խտրականության դեպքեր` կապված ազատ արձակումների տրամադրման, ինչպես նաեւ վերակարգի նշանակման հետ: Զինվորականության մեջ առկա, այսպես կոչված, «արժեքային համակարգի» պատճառով տղաները խնդրել են որեւէ տեղ չնշել իրենց անունը:

Զորամասի հրամանատարը հայտարարել է, թե տեղյակ չէ խտրականության դեպքերի վերաբերյալ` մեղքը գցելով ստորադաս սպաների վրա: «Չենք լռելու»-ն հորդորել է առավել աչալուրջ գտնվել իր ենթակաների հանդեպ` հիշեցնելով, որ, ամեն դեպքում, զորամասում առկա արատավոր երեւույթների համար պատասխանատու է հրամանատարը, իսկ թերությունները նրա ուշադրության պակասի հետեւանք են: Այցելության արդյունքների մասին հաղորդվել է պաշտպանության նախարարությանը:

Նախաձեռնությունը որոշ ժամանակ անց եւս մեկ անգամ անսպասելիորեն կայցելի նույն զորամաս` տեսնելու փոփոխությունները:

Նախաձեռնությունը հայտնում է նաեւ, որ իրենց մոտ գործող թեժ գծին զորամասերից մեկում ծառայողներից մեկի մայրը ահազանգել է, որ հրամանատարները` հղվելով գլխավոր շտաբի պետի հրամանի բացակայության վրա, թույլ չեն տալիս զինվորներին ձմեռային հանդերձանք կրել, ինչի պատճառով նրանք մրսում են: «Չենք լռելու»-ն այդ մասին անհապաղ հայտնել է ՊՆ-ին, որը լուծել է խնդիրը: