«Միլարդ Ֆուլերի հիշատակի կառույց 2011» ծրագրի շրջանակներում «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» եւս 3 հայ ընտանիքների (նախորդ տարի այս ծրագրի շրջանակներում աջակցել է 2 ընտանիքների)՝ Ղազարյաններին եւ Ավետիքյաններին՝ Լոռիի մարզից, եւ Գյոզալյաններին՝ Արմավիրի մարզից, կաջակցի տների կառուցմանը:
Այս տարի Ֆուլեր Կենտրոնի գործընկերները ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում նպատակ են դրել աջակցել եւս 100 ընտանիքների՝ կառուցելու պարզ եւ հարմարավետ տներ՝ հետեւելով Միլարդի տեսլականին։
Մ.Ֆուլերն առաջին անգամ Հայաստան է եկել 1989թ.-ին՝ անմիջապես 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, այնուհետեւ 2003թ.-ին՝ մասնակցելու իր հեղինակած ծրագրով կարիքավոր ընտանիքի համար կառուցված տան տնօրհնեքին, ընտանիք, որի կյանքը հիմնովին փոխվել էր։
Այս տարվա 3 ընտանիքներից Գյոզալյանների տունը կառուցվել է Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւելյան թեմի հովանավորությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ից 3 եւ տեղական մի քանի կամավորական խմբերի ու տեղական համայնքի աջակցությամբ։ Ղազարյան եւ Ավետիքյան ընտանիքների տների կառուցողական աշխատանքներին աջակցել են կամավորական խմբեր ԱՄՆ-ից, «Արեւի» զբոսաշրջային ընկերությունը եւ «Կասկադ Ինշուրանս» ընկերությունը. այս երկու տների շինարարական աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն մինչեւ Նոր Տարի։
Այս ընտանիքները երկար ժամանակ ապրել են ժամանակավոր տնակներում, քանի որ չեն կարողացել ավարտին հասցնել իրենց տների շինարարությունը ֆինանսական խնդիրների պատճառով՝ ամեն օր երազելով ավելի բարվոք կյանք իրենց երեխաների համար։
«Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ մի օր իմ երեխաները կունենան իրենց տունը։ Սա հրաշքի պես մի բան է։ Դժվարանում եմ խոսքերով արտահայտել այն, ինչ զգում եմ»- ասում է Լաուրա Գյոզալյանը, 32-ամյա այրին, որ ստիպված է այժմ միայնակ մեծացնել իր երեխաներին, քանզի ամուսինը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի, սակայն անսպասելի մահացել էր այնտեղ։
Յուրաքանչյուր երեխա պետք է տուն ունենա, այն անհրաժեշտ է առաջին հերթին ֆիզիկապես եւ հոգեպես կիրթ, կայացած սերունդ ունենալու համար, քանզի նրանք են մեր հաջողությունների եւ ձեռքբերումների հետնորդները։ Իսկ անձը կարող է իր եւ իր երեխաների կայուն ապագայի մասին մտածել միայն այն ժամանակ, երբ տանիք ունի գլխավերեւում։




























