ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրներից մեկը Ուկրաինայում հակամարտության թեժացումը թույլ չտալն է, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը դաշինքի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

«ՆԱՏՕ-ն երկու հիմնական խնդիր ունի Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցում։ Մեկը Ուկրաինային աջակցության ցուցաբերումն է, եւ մենք դա անում ենք պատերազմի սկզբից, ՆԱՏՕ շատ երկրներ օգնություն են տրամադրում Ուկրաինային լիածավալ ներխուժումը դեռ չսկսված։ Մյուս գլխավոր խնդիրը թույլ չտալն է, որպեսզի հակամարտությունը վերածվի լիածավալ պատերազմի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, քանի որ դա կհանգեցնի էլ ավելի մեծ տառապանքների, մահերի եւ ավերածությունների»,- ասել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողի այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմին։

Սթոլտենբերգը հիշեցրել է դաշինքի բոլոր երկրների դիրքորոշումը, որ «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը մարտական թեժ գործողությունների ընթացքում անհնար է»։

«Բայց, իհարկե, մենք կարող ենք մտածել այն մասին, որ որքան հնարավոր է ավելի շատ մոտեցնենք Ուկրաինան ՆԱՏՕ-ին՝ Վաշինգտոնում գագաթաժողովի (2024թ. հուլիս) պատրաստման շրջանակում։ Թե ինչ որոշում կընդունվի գագաթաժողովում՝պարզ կդառնա ավելի ուշ»,- շարունակել է Սթոլտենբերգը։