Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ է ստեղծել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Օզասկոյի քաղաքապետ Էմիդիո դե Սոուզայի հետ հանդիպման ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Բրազիլիայի դեսպանին, ով աջակցում է երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության  խորացմանը, ինչին մեծ կարեւորություն է տալիս ՀՀ կառավարությունը: Նրա խոսքով` երկու երկրների տարածաշրջանների միջեւ  ուղիղ փոխգործակցությունը հնարավորություն է ստեղծում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Նա գոհունակություն  հայտնեց Գյումրիի եւ Օզասկոյի միջեւ ծավալվող  գործակցության առնչությամբ ` նկատելով, որ անգամ տարածությունը չի կարող խոչընդոտ լինել բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման համար:

Քաղաքապետ Էմիդիո դե Սոուզան տեղեկացրել է, որ Գյումրիի տեղական իշխանությունների հետ քննարկել են քույր քաղաքների միջեւ կապերի զարգացման ուղղությունները` ընդգծելով, որ առկա է համագործակցության մեծ ներուժ: Մասնավորապես` հեռանկարային են  համարվում տնտեսական, մշակութային ոլորտները: Հարաբերությունների զարգացման հարցում նա կարեւորեց նաեւ հայ համայնքի դերը, որի ներկայացուցիչներն ակտիվ ներգրավված են Սան Պաուլո նահանգի ֆինանսական եւ տեխնոլոգիական կենտրոններից համարվող Օզասկոյի բոլոր ոլորտներում եւ պատրաստակամ են աջակցելու երկու քույր քաղաքների միջեւ կապերի խորացմանը:

Ա. Գեւորգյանը ողջունել է համագործակցությունը զարգացնելու մտադրությունը` նշելով, որ ավերիչ երկրաշարժից  հետո Գյումրին տարեցտարի ոտքի է կանգնում: «Ուրախ եմ, որ մտադիր եք ամրապնդելու Գյումրիի հետ կապերը, գյումրեցիներն արժանի են լավ ընկերներ ունենալու»,-նշեց փոխվարչապետը: 

Ի դեպ, հաջորդ տարի Օզասկոն տոնում է 50-ամյակը, եւ հյուրերը  ՀՀ փոխվարչապետին հրավիրեցին միասին նշելու քաղաքի տոնը: