Վատ եղանակի պատճառով փակված Ռազմավիրական ճանապարհով երթեւեկության վերականգնմանն սպասում է 2 645 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացվել է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության կազմակերպության կենտրոնի կայքում։
Անցումը ճանապարհով, վատ եղանակի պատճառով, սահմանափակվել է նոյեմբերի 26-ի երեկոյան, հաջորդ օրը ճանապարհն ամբողջությամբ փակվել է։ Նոյեմբերի 27-ին Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը արգելված է Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր տեղամասում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ, մինչեւ հատուկ կարգադրության հրապարակումը։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը միմյանց հետ կապում է Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանը։
Հարավային Օսիայում նոյեմբերի 27-ի գիշերը դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը ուժեղ քամու եւ Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած վթարի պատճառով, հանրապետությունը մնացել է առանց էլեկտրամատակարարման։





























