Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Այս մասին նոյեմբերի 28-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով:
Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ:
Հակոբյանը հույս հայտնեց, որ մինչև երեկոյան ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար՝ հաշվի առնելով, որ ձնահոսքի վտանգ չկա և առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում։
Նա պարզաբանեց, որ եթե մինչև երեկո ձյունը չմաքրվի, ճանապարհը կբացվի առավոտյան, քանի որ երեկոյան ճանապարհը դառնում է սայթաքուն և վտանգավոր բեռնատարների երթեւեկության համար։
Նրա հաշվարկներով՝ վրացական և ռուսական կողմերում կուտակվել է 800 հայկական մեքենա։




























