Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստից հետո։
«ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են հաջորդ տարվա աշխատանքի հավակնոտ ծրագիր, որն ընդգրկում է էներգետիկ անվտանգությունը, նորարարությունը և փոխգործունակությունը, և նրանց ուժերը լիովին համատեղելի են մեր ուժերի հետ»,- նշել է նա։
Արտգործնախարարները նաև քննարկել են Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու ուղին և առաջարկություններ են ներկայացրել Ուկրաինայի առաջնահերթ բարեփոխումների վերաբերյալ՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը և մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
«Ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթեց որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն։ Սա մեծ ձեռքբերում է՝ մեծ հաղթանակ»,-ասել է Սթոլթենբերգը:
Նա ընդգծել է, որ «Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ»՝ հավելելով՝ «մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային անդամակցության ճանապարհին»։
Անդրադառնալով տեղում տիրող իրավիճակին՝ Սթոլթենբերգն ընդգծել է այս տարի Ուկրաինայի «զգալի առաջընթացը» ինչպես ցամաքում, այնպես էլ Սև ծովում։ Մինչդեռ, նրա կարծիքով, Ռուսաստանը «կորցնում է քաղաքական ազդեցությունն իր հարևան երկրներում, ավելի քան 300 հազար զոհ է տվել, կորցրել է իր սովորական զինված ուժերի զգալի մասը և գտնվում է տնտեսական ճնշման տակ»։
«Ռուսաստանն այժմ ավելի թույլ է քաղաքական, ռազմական և տնտեսական առումներով... Տարեցտարի Մոսկվան իր ապագան գրավ է թողնում Պեկինին», - ասել է նա՝ եզրակացնելով, որ «այս ամենն ընդգծում է Պուտինի ռազմավարական սխալը Ուկրաինա ներխուժելու հարցում»:





























