Պաղեստինի ժողովրդի կյանքի եւ սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության  միջազգային օրվա առիթով արված ուղերձում Չինաստանի նախագահը գրել է, որ խաղաղ բանակցությունները Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ պետք է վերականգնվեն ամենակարճ ժամկետում։

Սի Ծինփինը ընդգծել է, որ տասնամյակներ շարունակվող  պաղեստինա-իսրայելական հակամարտության ցավոտ դասը վկայում է այն մասին, որ միայն ընդհանուր անվտանգության հայեցակարգը կկարողանա օգնել հասնելու կայուն անվտանգության։

Չինաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 30-ին հրապարակել է փաստաթուղթ հինգ կետից բաղկացած, որը վերաբերում է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակամարտության կարգավորման մասին Չինաստանի դիրքորոշմանը։  Չինաստանը, մասնավորապես, կոչ է անում արագ դադարեցնել մարտական գործողությունները, պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Պեկինը կողմ է «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» պլանին վերադառնալուն եւ անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ 1967թ. սահմանների հիման վրա, Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։