Նոր Զելանդիայի իշխանությունները մտադիր են երկրի բոլոր միջնակարգ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման ամբողջական արգելք մտցնել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քրիստոֆեր Լակսոնը։
«Մենք պատրաստվում ենք արգելել [բջջային] հեռախոսները Նոր Զելանդիայի դպրոցներում: Սա երկարամյա պրակտիկա է, որը կրթության ոլորտում գերազանց արդյունքներ է տալիս», - ասել է Լակսոնը լրագրողներին՝ նշելով, որ երկրի որոշ դպրոցներ արդեն ինքնուրույն են ընդունել այս որոշումը և «լավ արդյունքներ են տեսել»։
Լակսոնը նաև ասել է, որ երկրի նոր կառավարությունը մտադիր է «ներդնել պարտադիր կրթական չափորոշիչներ, որոնք կենտրոնացնում են դպրոցներն աշակերտների ակադեմիական նվաճումների վրա», և հայտարարել է դպրոցական սեռական կրթության ուսումնական ծրագրի արմատական վերանայման մասին: «Մեզ անհրաժեշտ է ուսումնական ծրագիր, որը համաձայնեցված լինի փորձագետների կողմից և երաշխավորի, որ դրա բովանդակությունը համապատասխանի տարիքին: Նաև շատ կարևոր է, որ ծնողները տեղյակ լինեն և հնարավորություն ունենան հրաժարվել նման դասընթացներից»,- ասել է նա։





























