Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել, սակայն ուկրաինացիների մեծ մասը դեմ է դրան։

Նա ընդգծել է, որ այժմ Ուկրաինայում առաջնահերթությունը սեփական զենքի արտադրությունն է, հայտնում է Unian-ը։

«Մենք ցանկանում էինք ավելի արագ արդյունքներ ունենալ: Այս տեսանկյունից, ցավոք սրտի, չենք հասել մեր ուզածին։ Ուկրաինան իր դաշնակիցներից չստացավ անհրաժեշտ բոլոր զինատեսակները, իսկ ռազմական ուժի ծավալի սահմանափակումները խոչընդոտեցին առաջընթացին։ Ուկրաինայում պատերազմը թևակոխել է նոր փուլ։ Ձմեռն, ընդհանուր առմամբ, պատերազմի նոր փուլ է»,- ասել է նա։

Նախագահը նշել է, որ ճնշում չի զգում իր դաշնակիցների կողմից։

Նրա խոսքով, պատերազմի նոր փուլը բնութագրվում է հրետանային և հրթիռային հարվածների ավելի մեծ ինտենսիվությամբ։ Ռուսաստանը նույնպես անօդաչու սարքեր է օգտագործում հետախուզության և հարվածների համար։

«Իսրայելի պատերազմը ցույց տվեց, որ աշխարհն այնքան էլ ապահով չէ, որքան մենք կցանկանայինք, Ուկրաինային օգնության մատակարարումները կրճատվել են։ Միայն կույրը դա չի տեսնում»,- ընդգծել է Զելենսկին։