Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն շաբաթ օրն ասել է, որ Գազայում մարտական գործողությունների վերսկսվելուց հետո խոսել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ եւ ասել, որ «այլեւս զոհեր չեն կարող լինել խաղաղ բնակիչների շրջանում», տեղեկացրել է Reuters-ը։
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի մեկշաբաթյա հրադադարը ավարտվեց ուրբաթ այն բանից հետո, երբ միջնորդները չկարողացան պայմանավորվել դադարը շարունակելու վերաբերյալ։
«Ես կրկնել եմ այն, ինչ ասել եմ Ռաֆահի դարպասների մոտ. այլեւս ոչ մի զոհ խաղաղ բնակիչների շրջանում»,- լրագրողներին ասել է դե Կրոոն Դուբայում ընթացող ՄԱԿ COP28 գագաթաժողովում։
Բելգիայի վարչապետը նշել է, որ «Իսրայելն ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու իրավունք ունի», բայց անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի խաղաղ բնակիչներ չզոհվեն։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ կանչել էր Բելգիայի եւ Իսպանիայի դեսպաններին՝ կապված անցած շաբաթ «Ռաֆահ» անցակետում նրանց վարչապետերի արտահայտությունների հետ։
Դե Կրոոն այն ժամանակ ասել էր, որ Իսրայելը պետք է պահպանի միջազգային հումանիտար իրավունքը, որ Գազայի ավերածությունն անընդունելի է, եւ որ խաղաղ բնակիչների սպանությունները պետք է դադարեցվեն։





























