Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հոկտեմբերի 28-29-ին Երեւանում կազմակերպում է կոնֆերանս` «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը-2» թեմայով:

Կոնֆերանսի խոսնակներն են Մեծ Բրիտանիայի Ֆինանսական Օմբուդսմենը,

Ֆրանսիայի Ապահովագրական Հաշտարարը, Ֆինլանդիայի Ֆինանսական Օմբուդսմենի Բյուրոյի կառավարիչը,  Դանիայի  Հիփոթեքային վարկերի վերաբերյալ բողոքների խորհրդի գլխավոր քարտուղարը,  վեճերի լուծման  արտադատական մեխանիզմների մասնագետ Ավստրալիայից, Ռուսաստանի Կենտրոնական Բանկից ներկայացուցիչ, Լատվիայի Ավտոապահովագրողների Բյուրոյից ներկայացուցիչներ:

Կոնֆերանսին մասնակցում են նաեւ ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի, ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտների,  ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչները (Ռուսաստան,  Ղազախստան եւ այլն):  Այս տարի կոնֆերանսի հյուրն է նաեւ ՌԴ ֆինանսական օմբուդսմեն Պ. Մեդվեդեւը:

Կոնֆերանսի ընդհանուր մասնակիցների թիվը կազմում է 130 հոգի, ովքեր հիմնականում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցների ներկայացուցիչներն են` բանկեր,  ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, մասնագիտական միություններ եւ մի շարք այլ կառույցներ:

Կոնֆերանսը բացելու է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, կոնֆերանսին մասնակցում են նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը եւ խորհրդի մի քանի անդամներ, ՀՀ կենտրոնական բանկի մասնագետներ,  ինչպես նաեւ Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամները:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները կծանոթանան ֆինանսական

օմբուդսմենների միջազգային փորձին,  Հաշտարարի գրասենյակի գործունեությանը,

ծրագրերին, վիճակագրությանը, ֆինանսական կազմակերպություններում սպառողների բողոք-պահանջների քննության ներքին խնդիրներին եւ  դրա ազդեցությանը հաճախորդների սպասարկման որակի վրա,  սպառողների ֆինանսական կրթության մեխանիզմներին, վեճերի լուծման արտադատական մեխանիզմների արդյունավետության գնահատմանը, ինչպես նաեւ  կհավաստիանան,  որ Հաշտարարի գրասենյակը եւս գործում է`  հիմք ընդունելով միջազգայնորեն ընդունված գործունեության նույն սկզբունքներն ու ընթացակարգերը:

Կլինեն նաեւ թեմատիկ քննարկումներ`  քարտային եւ ապահովագրական

զեղծարարությունների,  հիփոթեքային  պայմանագրերի եւ սպառողական վարկերի,

ավտոտրանսպորտային միջոցների  օգտագործումից բխող պատասխանատվության, պարտադիր ապահովագրության իրավական կարգավորման, վնասի գնահատման եւ 

ԱՊՊԱ-ի հետ կապված այլ պրակտիկ խնդիրների վերաբերյալ:

Կոնֆերանսն օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար ոչ միայն

ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն

միջազգային փորձին ծանոթանալու տեսանկյունից,  այլ նաեւ կօգնի ֆինանսական

ծառայություններից օգտվողների համար ապահովել հնարավորինս

պաշտպանվածություն եւ նրանց մատուցել առավել որակյալ ծառայություններ:

Հիշեցնենք,  որ Հաշտարարի գրասենյակի առաքելությունը սպառողների

պահանջների արագ,  արդյունավետ եւ անվճար քննության միջոցով նրանց շահերի

պաշտպանությունը, արդյունքում` ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն ու, որպես հետեւանք, ՀՀ-ում ֆինանսական միջնորդության ավելացումն է: