Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին եւ կառույցի հրավերով Հայաստանում գտնվող Երեխայի իրավունքների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ, պրոֆեսոր Յաապ Դոյքին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը նախ շնորհավորել էտիկին Ահրենսին` Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ վերջին շրջանում    UNICEF-ի հայաստանյան գրասենյակի հետ  արդյունավետ համագործակցություն է ծավալվել, ձեւավորվել է համատեղ աշխատանքի հարուստ փորձ եւ հույս է հայտնել, որ գործակցությունը կշարունակվի:

Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին առավել մեծ ուշադրություն է դարձվում երեխաների  իրավունքների պաշտպանության խնդիրներին, տարբեր ոլորտներում դրանց ուսումնասիրությանը: «Աշխատանքները փորձում ենք այնպես կազմակերպել, որպեսզի  պետական ուշադրությունից ոչ մի երեխա դուրս չմնա»,- նշել է փոխվարչապետը` ներկայացնելով  կատարված աշխատանքները: Մասնավորապես` մարզպետարաններում ձեւավորվել են  երեխաների հիմնահարցերով զբաղվող բաժիններ, այս տարի ուսումնասիրություններ են կատարվել` դրանց հետագա  աշխատանքի արդյունավետության  բարձրացման  նպատակով: ՀՀ բնակչության պետական ռեգիստրում իրականացվել է երեխաների հաշվառում: Նա բարձր է գնահատել այս ոլորտներում  UNICEF-ի եւ հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը:

Ա. Գեւորգյանն անդրադարձել է նաեւ  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որով փորձ է արվում  ներդնել սոցիալական մեկ ընդհանուր ընդունարանի գաղափարը:

Ահրենսն իր հերթին  արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ բարեփոխումների բարդ եւ դժվարին գործում  UNICEF-ի հայաստանյան գրասենյակը պատրաստակամ է ամենայն  աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին:

Նշվել է, որ գրասենյակի հրավերով Հայաստանում գտնվող պրն Դոյքը  շահագրգիռ կառույցներին  ներկայացնելու է իր դիտարկումները`  Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի մասով  Հայաստանի վերջին զեկույցի վերաբերյալ: Հայաստանում պրն Դոյքի մասնակցությամբ կազմակերպվելիք քննարկումները հնարավորություն կստեղծեն բացահայտելու գործունեության այն ոլորտները,  որտեղ աշխատանքը կարող է բարելավել Հայաստանում երեխաների, մասնավորապես` առավել խոցելի երեխաների կյանքը: