Ռուսաստանի հայաշատ գաղթօջախներում հայերենի դասավանդման, ինչպես նաեւ Հայաստանում ռուսերենի դասավանդման  խնդիրներն են քննարկել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Ռուսաստանի ԿԳ նախարար Անդրեյ Ֆուրսենկոն, Մոսկվայում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակում:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների նախարարները քննարկել են կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնման հեռանկարը:

Կարեւորվել է միջազգային, մասնավորապես ԱՊՀ կազմակերպությունների շրջանակում գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունը հանրակրթության, նախնական եւ միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական ինչպես նաեւ գիտության ոլորտներում: 

Հայաստանի եւ Ռուսասատանի կրթական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի նոր միջկառավարական համաձայնագրի ստորագրման, Հայաստանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման, Հայաստանում գործող Ռուսաստանի բարձագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերում համատեղ ստուգումների իրականացման, կրթաթոշակային ծրագրերի ընդլայնման ու առավել արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր:

Քննարկումների արդյունքում կողմերը որոշել են ընդլայնել եւ ավելի խորացնել համագործակցությունը` ստեղծելով աշխատանքային խմբեր առկա խնդիրներն հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու, ճանաչողական այցեր ՌԴ մարզային բուհեր կազմակերպելու եւ երկու երկրների բարձրագույն կրթական համակարգերը համատեղ գովազդելու համար: