ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակում տեղ գտած կառույցները ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են եկեղեցուն, դրա համար էլ տարակուսանք են առաջացնում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հավելելով, որ նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգեւոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով:

Պատասխանելով հարցին, թե որտեղի՞ց Մայր Աթոռին այդքան գույք, եպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ դրանք ձեռք են բերվել բարերարների տրամադրած միջոցներով. «Հարկումից ազատվում են այն կառույցները, որոնք ունեն պաշտամունքային, կրոնական, հոգեւոր, կրթական, բարեգործական եւ դաստիարակչական նշանակություն, շահութաբեր կառույցներին դա չի վերաբերում: Այդ ցանկում ներկառված են նաեւ 133 նորակառուց եկեղեցիներ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ցուցակում տեղ գտած բնակարանները, առանձնատները, ֆուտբոլի դաշտերը կամ լիճն ի՞նչ հոգեւոր կրթադաստիարակչական նշանակություն ունեն, եւ ինչո՞ւ պետք է ազատվեն հարկերից, արքեպիսկոպոսն ասաց. «Առանձնատուն ասվածը, դա ճաքճքած պատերով Բաղրամյան փողոցի վրա գնտնվող Վազգեն Վեհափառի շրջանից նրա համար օգտագործվող երեք սենյականոց բնակարանն է: Առանձնատուն կոչվածները, դրանք գյուղերում, այնտեղ որտեղ քահանաներ են ծառայության կոչվում, բնակության համար պայմաններ չունեցող քահանաների համար պայմաններ չունեցող տներն են: Կիսաշեն տներն են, որոնք որ քահանաներն իրենց ապրելու ընթացքում նորմալ տեսքի են բերում: Իսկ ջրավազանը Ներսիսյան լիճն է , Ներսես կաթողիկոսի շրջանում կառուցված եւ կոմունիստական շրջանում, այդ 7-8 մետր խորությամբ լիճը կիսվեց, տակը մառաններ դրվեցին: Պարզապես այդ մառանները լճի անմասնատելի մասն են»:

Հարցին, թե դրանք ինչո՞ւ պետք է ազատվեն հարկերից, եպիսկոպոսն ասաց. «Դրանք Մայր Աթոռի անմիջական տարածքի մեջ գտնվող կառույցներ են»:

Դիտարկմանը, որ Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է խորհրդային տարիներին կառուցված հին ճաքճքված տներում, գուցե այդ մարդկանց էլ է պետք ազատել գույքահարկից, եպիսկոպոսն արձագանքեց. «Այդ հարցադրումը տեղին չէ: Առաջին դեպքում խոսում եք մասնավոր անձերի մասին, երկրորդի դեպքում` հաստատության մասին: Այստեղ տպավորություն է ստեղծվել, որ եկել ասում եմ, իմ բնակարանն ազատեք գույքի հարկից: Այդ նույն ճաքճքված տներով մարդկանց տները թե օգնություն, թե աջակցություն բերում է եկեղեցականը: Եթե եկեղեցականը կարողանա խնայողություն անել հողի հարկից եւ գույքի հարկից, ապա կարող է այցելել ճաքճքված տներով մարդկանց տները եւ ինչ-որ ձեւով` թե խոսքով, թե նյութական ձեւով աջակցելու հնարավորություն չունենա, մխիթարություն ցուցաբերի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ օրինագիծն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ հարկային արտոնությունների ենթակա օբյեկտների շարքում ներկայացվել է 286 կառույցի ցանկ, այդ թվում հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, առանձնատուն` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան` 2 եւ այլն: