Բանակից փախչողներին ոչ թե պետք է դատել, այլ տալ այլընտրանքային հնարավորություններ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ամբողջական լուծում, որ բոլորին բավարար չի գտնվելու։ Եթե չփախչեին բանակից և զորակոչից, այս դեպքում օրենքում ոչ մի բան էլ չէինք փոխի ինչի՞ են գնացել։ Խնդիրը խորքային է: Բայց եկեք խորքերը մն չգանք, այլ գտնենք լուծում, որ մարդկանց ոչ թե դատենք, այլ այլընտրանքային հնարավորություն տանք: Տրված է 4 այլընտրանքային ուղղություններ, եւ դրան հետ կապված մենք պետք է համերաշխ լինենք, իսկ ապագայում օրենքի ինչպիսի կարգավորումներ կգտնենք, դա ոչ մեկը մեզ չի կաշկանդում»,- նկատեց նա։

Նշենք, որ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած անձանց մասին կարգավորումը։

Նրանց հնարավորություն է տրվում անցնել պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկով`

  1. երկու տարի ուղղակի ծառայելով,
  2. մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
  3. վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
  4. մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
  5. չծառայել ու վճարել 15 մլն դրամ։