Այս նախագիծը որքանո՞վ է ազդելու բանակի ինտելեկտուալության վրա. այսօրվա բանակը 50 տարի առաջվա բանակը չէ, այսօրվա զենքը, կապի միջոցները, մնացած անեն ինչը բարձր ինտելեկտուալ պատրաստվածություն են ենթադրում, բայց այս նախագծով մենք տանում ենք բանվորագյուղացիական բանակի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ այն երիտասարդը, ով իր մտավոր կարողություններով կարող է ավելի շատ փող աշխատել քաղաքացիական կյանքում, կդնի ու կհաշվարկի՝ «այսքան տամ բանակից ազատվել ու գնամ փող աշխատեմ»։
«Սրանով արդյո՞ք պոտենցիալ բարձր ինտելեկտուալ կադրերի հոսքը չեք նվազեցնում»,- հարցրեց Ա. Խաչատրյանը նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին։
Նա հակադարձեց. «Կասեմ՝ ուղիղ հակառակը։ Բարձր ինտելեկտուալ մարդկանց մենք բերում ենք բանակ։ Ընդունենք՝ մարդն ավարտել է աշխարհի լավագույն համալսարանները, 27 տարին լրացած է, ցանկանում է գալ, բանակում ծառայել, չունի նման հնարավորություն, քանի որ ասում ենք՝ քո 27 տարին լրացած է, չես կարող ծառայել։ Այդ մարդն այս օրենքի ընդունման արդյունքում հնարավորություն կունենա ծառայել բանակում և իրենց գիտելիքները ի շահ մեր պետության ծառայեցնել։ Սա նաև կբերի ինտելեկտուալ բանակի ստեղծմանը»։
Հիշեցնենք, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոխությունների նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`
- երկու տարի ուղղակի ծառայելով,
- մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
- վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
- մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
- չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։





























