Ուկրաինան եւ Թուրքիան պատրաստ են «առաջիկայում» վավերացնել ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի 2024թ. սկզբին։

«Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կհեշտացնի լոգիստիկայի հարցերը, կնպաստի ուկրաինական բիզնեսի զարգացմանը ռազմական ժամանակվա պայմաններում, ինչպես նաեւ նոր հնարավորություններ կբացի Ուկրաինայում Թուրքիայի մեր գործընկերների համար»,- ասել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն Թուրքիայի դեսպան Մուսթաֆա Լեւենթ Բիլգենի հետ հանդիպման ժամանակ։

«Բացի այդ, մենք կստեղծենք հացահատիկի գծով աշխատանքային խումբ՝ քննարկելու համար գլոբալ եւ երկկողմ առեւտրի հարցերը հացահատիկի շուկայում։ Ուկրաինան բարձր է գնահատում Թուրքիայի մասնակցությունը հացահատիկի արտահանման նախաձեռնության պաշտպանության հարցում, ինչը կարեւոր գործոն է գլոբալ պարենային անվտանգության ապահովման համար»,- նշել է Սվիրիդենկոն։

Կողմերը կառուցողական երկխոսության պատրաստակամություն են հայտնել ընդլայնել տնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ էկոնոմիկայի առաջնահերթ ճյուղերում համատեղ նախագծերի ստեղծման հարցերի վերաբերյալ։