«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը շուրջօրյա հերթապահություն է սահմանել ջրվեժի մոտ եւ հանդես է եկել կոչով` աջակցել ակցիային, որպեսզի թույլ չտրվի Թռչկանի մոտ շարունակել շինարարական աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»: Հայտարարության մեջ ասված է. «Կոչով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր դեռեւս պարզապես հետեւում են մեր պայքարին. մի՛ վախեցեք, միացե՛ք մեզ, սա անհատի կամ խմբակի պայքար չէ, սա պետք է ընդհանուրի պայքարը դառնա, քանի որ ոչնչացման վտանգի տակ է ՀՀ ամենաբարձր եւ ամենաջրառատ ջրվեժը»:
Միաժամանակ` Facebook սոցիալական ցանցում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման: Ջրվեժի պաշտպանները ՀՀ կառավարությունից պահանջում են. «արգելել Չիչխան գետի վրա «Թռչկան» փոքր ՀԷԿ-ի շինարարությունը, որով կխաթարվի ՀՀ բնության հուշարձան համարվող Հայաստանի ամենաբարձր` Թռչկան ջրվեժի բնաստեղծ տեսքը»:
Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա, Շիրակի եւ Լոռիի մարզերի սահմանին: «Ռոբշին» ՍՊԸ-ն լիցենզիա է ստացել գետի վրա 1050 կՎտ դրվածքային հզորությամբ հէկ կառուցելու համար:
Բնապահպանները գտնում են, որ հէկ-ի կառուցումը կփոխի գետի հունը եւ զգալի վնաս կհասցնի ջրվեժին եւ տարածքի կենսաբազմազանությանը:



























