Եվրամիությունը պատրաստվում է երկարացնել գազի գնի արտակարգ շեմը ևս 12 ամսով, որպեսզի ապահովագրի իրեն գնային հնարավոր ցնցումներից, այն բանից հետո, երբ ԵՄ էներգետիկայի նախարարները սատարել են ծրագրին, հայտնում է Reuters-ը։
ԵՄ-ն առաջին անգամ համաձայնության է եկել գազի գնի սահմանաչափի շուրջ 2022 թվականի դեկտեմբերին՝ ամիսներ շարունակ էներգակիրների աղետալի բարձր գներից հետո՝ պայմանավորված Ռուսաստանի կողմից Եվրոպա գազի մատակարարումների կրճատմամբ՝ իր զորքերն Ուկրաինա մտցնելուց հետո։
Այսօր Եվրոպայում էներգետիկ անվտանգության հետ կապված իրավիճակն ավելի բարվոք է, քան անցած ձմռանը. էներգակիրների գները շատ ավելի ցածր են, երկրներն ապահովել են ոչ ռուսական գազի նոր աղբյուրներ, իսկ գազի պահեստարանները գրեթե լիքն են:
«Չնայած ձմռան համեմատաբար լավ մեկնարկին, աշխարհաքաղաքական իրավիճակը մնում է շատ փխրուն։ Եվ այս արտակարգ միջոցառումներն օգնում են մեզ պաշտպանել մեր սպառողներին էներգիայի չափազանց բարձր գներից»,- ասել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը:
Գների սահմանաչափը նախատեսված էր մինչև 2024 թվականի փետրվարը և այժմ ուժի մեջ կմնա մինչև 2025 թվականի հունվարի վերջը:
Ռուսական գազի մատակարարումները Եվրոպա նվազել են 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական զորքերի մուտքից հետո։ Մինչ այս Ռուսաստանը ԵՄ գազի հիմնական մատակարարն էր։
Ռուսական էներգետիկ հսկան՝ «Գազպրոմն», այս տարի Եվրոպա է առաքել 27 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կտրուկ պակաս է 2018-ին ուղարկված 180 միլիարդ խորանարդ մետրից, երբ մատակարարումները գտնվում էին գագաթնակետին, ցույց են տալիս Reuters-ի հաշվարկները:





























