Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային, որպեսզի նա կարողանա խաղաղության բանակցություններ վարել ՌԴ-ի հետ «լավագույն հնարավոր պայմաններով»։ Այս մասին Մակրոնը խոսել է France 5 հեռուստաալիքի եթերում, նրան մեջբերել է France Info-ն։

Մակրոնի խոսքով՝ «մենք զգում ենք, որ որոշ եվրոպական երկրներ սկսում են կասկածել» օգնության հարցում, որը տրամադրվում է Կիեւին։ Նա նաեւ հիշատակել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձի մասին։

Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ «առաջիկա ամիսներին մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել» այդ հակամարտությունում։

«Մենք պետք է ապահովենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի, ինչը նշանակում է աջակցության շարունակում եւ Կիեւի պաշտպանության ուժեղացում»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ նպատակն այն է, որպեսզի Ուկրաինան «ի վիճակի լինի խաղաղ բանակցություններ վարել լավագույն հնարավոր պայմաններով»։ «Մենք չենք թողնի Ուկրաինային»,- հավաստիացրել է Ֆրանսիայի նախագահը։