ԱՄՆ եւ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունները նոր սերնդի ռազմական դրոններ կստեղծեն, որոնք կգործեն միասնական տակտիկական խմբի կազմում՝ օդաչուավոր մարտական ինքնաթիռից։ Առաջիկայում այս մասին պաշտոնական հայտարարություն կարվի, տեղեկացրել է Sankei թերթը՝ հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին։
2024թ. կեսին, ըստ այդ տեղեկությունների, տեղի կունենա ամերիկա-ճապոնական խմբի առաջին նիստը։ Այդ կառույցի շրջանակում կհամակարգվեն սպառազինությունների եւ ռազմական համակարգերի մշակումները, ներառյալ դրոնների նոր տեսակները։ Այդ հետախուզական եւ հարվածային անօդաչուները ստեղծվելու են, մասնավորապես, վեցերորդ սերնդի մարտական ինքնաթիռի գործողությունների աջակցման համար, որոնք մտադիր են միասին ստեղծել Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Ճապոնիան։
Դրոնները կունենան արհեստական բանականության համակարգեր, որոնք թույլ կտան նրանց ինքնուրույն որոշումներ կայացնել ընդհանուր առաջադրանքի շրջանակում։ Դրանց կիրառումը օդաչուավոր ինքնաթիռների հետ միասին կհանգեցնի ՌՕՈւ գործողությունների մարտավարության եւ բնույթի արմատական փոփոխությունների, նշել է Sankei-ին։
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի պաշտպանության նախարարները Տոկիոյում հանդիպման ժամանակ համաձայնագիր են կնքել այն կազմակերպության ստեղծման մասին, որը պատասխանատու է լինելու նոր սերնդի կործանիչի ստեղծման համար, այն պետք է պատրաստ լինի 2035թ.։ Կազմակերպությունը ղեկավարելու է համատեղ ձեռնարկությունը՝ բրիտանական BAE Systems կորպորացիայի, ճապոնական Mitsubishi Heavy Industries-ի եւ իտալական Leonardo-ի մասնակցությամբ։ Արդեն ծրագրին միանալու ցանկություն են հայտնել այլ երկրների ընկերությունները։ Sankei-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն աջակցում է նախագծին եւ պատրաստ է օժանդակել։





























