Բուենոս Այրեսի բնակիչները սկսել են կաթսաներին հարվածել՝ ի նշան բողոքի այն բանից հետո, երբ երկրի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարեց տնտեսության ազատականացման միջացների մասին։ ՏԱՍՍ-ը նշել է, որ քաղաքի չորս շրջաններում ապրող արգենտինացիները պատշգամբներից աղմուկ են բարձրացրել պետության ղեկավարի դեմ։
Ինչպես ցուցադրել է TN հեռուստաալիքը, մարդիկ նաեւ փողոցներ են դուրս եկել։ Մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են կոնգրեսի մոտ։
Միլեյը դիմել է ազգին եւ հայտնել արտակարգ դրություն մտցնելու մասին։ Պետության ղեկավարը թվարկել է 30 հիմնական բարեփոխումները, որոնցից են գների կարգավորման չեղարկումը, մաքսային կանոնների բարեփոխումը, պետական ընկերությունների մասնավորեցման պատրաստումը եւ արտահանական սահմանափակումներ մտցնելու արգելքը։ Կառավարությունը հրամանագրում մտցրել է 300 բարեփոխում։
Չորեքշաբթի Արգենտինայում տեղի էին ունեցել հակակառավարական ցույցեր։ Կառավարության դիմացի հրապարակում հավաքվել էր մոտ 2 հազար մարդ։
Անցած շաբաթ Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը հայտարարել էր, որ նոր կառավարությունը զրոյական հանդուրժողություն է ցուցաբերելու փողոցների փակման հանդեպ։ Արգենտինայի ոստիկանությունը մինչ այդ հազվադեպ է ուժ կիրառել փողոցներ փակող ցուցարարների դեմ։ Երկուշաբթի մարդկային կապիտալի նախարար Սանդրա Պետովելյոն հայտարարել էր, որ բողոքի ակցիայի մասնակիցներին կզրկեն սոցիալական նպաստներից։





























