Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է կարեւոր հարց փակուղուց դուրս գալու համար, որտեղ գտնվում են «Թալիբանի» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) եւ միջազգային հանրության միջեւ հարաբերությունները, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցիչ Ռոզա Օթունբաեւան։
«Միջազգային նորմերի եւ չափորոշիչների պահպանումը մնալու է անվերապահ պայման ՄԱԿ-ում տեղ ստանալու համար»,- ասել է Օթունբաեւան Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա գնահատմամբ՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Աֆղանստանում բնութագրվում է մշտական խտրականությամբ կանանց եւ աղջիկների հանդեպ, քաղաքական այլախոհության եւ խոսքի ազատության ճնշմամբ, փոքրամասնությունների նշանակալի ներկայացուցչության բացակայությամբ իշխանության մարմիններում, ինչպես նաեւ արտադատական մահապատիժներով, կամայական ձերբակալություններով եւ կտտանքներով։
Նա նշել է, որ Աֆղանստանի շիա համայնքը ենթարկվում է անհամամասնական բարձր ռիսկի. վերջին ամիսներին երեք հարձակումների հետեւանքով, որոնց պատասխանատվությունն ստանձնել է ԻԼԻՊ-ը (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն), զոհվել է 39 մարդ։ Ինը հոգի սպանվել է շիա հոգեւորականների դեմ Հերաթում հարձակման ժամանակ։
Աֆղանստանում ծայրահեղ ծանր հումանիտար վիճակ է ստեղծվել. այս տարի օգնություն կպահանջվի 29 մլն մարդու համար։ Դա մեկ միլիոնով ավելի է, քան հունվարին, եւ 340 տոկոսով ավելի, քան հինգ տարի առաջ։
«Թալիբան» շարժումը Աֆղանստանում իշխանությունը զավթել է 2021թ. օգոստոսին, երբ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները, նրանց կողմից աջակցվող կառավարությունը հապճեպ հեռացան երկրից 20-ամյա ներկայությունից հետո։ «Թալիբան» շարժումը, որի առաջնորդները ՄԱԿ պատժացուցակներում են, մինչեւ այժմ պաշտոնապես ճանաչված չէ աշխարհի ոչ մի պետության կողմից։





























