Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում նոր զինվորներ է որոնում եւ մտադիր է եկող տարվանից զինծառայության կանչել արտասահմանում գտնվող ուկրաինացի տղամարդկանց։ 25-60 տարեկան ուկրաինացիները, որոնք ապրում են Գերմանիայում եւ այլ երկրներում, պետք է ներկայանան Ուկրաինայի զինկոմիսարիատներ, տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Bild, Welt TV եւ Politico պարբերականների հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի, դեկտեմբերի 21-ին։

Ումերովն ասել է, որ խոսքը զորակոչի կետեր ներկայանալու հրավերի մասին է, բայց եւ միաժամանակ հստակ հասկացրել է, որ խուսափողները պատժի կենթարկվեն։ «Մենք առայժմ դեռ քննարկում ենք, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք ինքնակամ չներկայանան»,- նշել է նախարարը։

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են զորակոչել պահեստից 450-500 հազար տղամարդու, բայց ֆինանսական եւ քաղաքական պայմաններ դրա համար առայժմ ստեղծված չեն։ Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին զորակոչն անվանել է «զգայուն հարց»։

«Ռուստեմ Ումերովը ընդգծել է, որ զորակոչի հարցում կարեւոր է արդարությունը։ Զորակոչի ենթարկվողները նախապես պետք է իմանան, թե ինչպես են ուսուցանվելու եւ հանդերձավորվելու, որտեղ եւ երբ են ծառայելու, ինչպես նաեւ երբ են ազատվելու ծառայությունից, նշել է նա։

Չնայած արգելքին՝ ուկրաինացի շատ տղամարդիկ բանակից խուսափելու համար փախել են արտասահման։ Վերջին շաբաթներին ռուսական զորքերը նկատելիորեն ուժեղացրել են հարձակումն ամբողջ ճակատով։ Հատկապես ծանր մարտեր են մղվում Դոնեցկի Ավդեեւկա շրջանում։