Հայաստանի տնտեսական զարգացման առանցքը վերջին տարիներին գլխավորապես կազմել է մեր առեւտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի (ավելի քան 95 տոկոս) եւ միության մյուս երկրների հետ: Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» մամուլի ասուլիսում ասել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Սաֆարյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ վերջին երկու տարիներին ձեռք բերված դինամիկան հնարավոր լինի պահպանել տեսանելի հեռանկարում: ԵԱՏՄ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է եւ նրան է բաժին ընկնում մեր արտաքին առեւտրատնտեսական գործունեության կեսից ավելին: «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի այդ ուղղությամբ մեր ապրանքաշրջանառության աճը կազմել է ավելի քան 40 տոկոս։ Արդարացել են մեր կանխատեսումներն այն մասին, որ Արեւմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման պայմաններում մեր արտաքին տնտեսական քաղաքականության այս կարեւորագույն վեկտորի դերը աճելու է: Հետաքրքիր է, որ եվրասիական տարածքի խոշոր գիտափորձագիտական եւ ֆինանսական կենտրոնները կանխատեսում են, որ բոլոր հիմքերը կան սպասելու առեւտրատնտեսական համագործակցության հետագա ծավալների աճ նաեւև 2024թ. և 2025թ. առաջին կեսին: Մենք հիմքեր ունենք պնդելու, որ նույնիսկ այս աննախադեպ հաջողությունների պայմաններում Հայաստանի տնտեսական ներուժը բոլորովին էլ սպառված չէ: Էական ներդրումների եւ տնտեսական շարունակական բարեփոխումների պայմաններում հարկ է ակնկալել, որ առեւտրատնտեսական համագործակցության ծավալները Ռուսաստանի հետ կարող են աճել, իսկ Հայաստանում նշանակալից չափերով կշարունակի ավելանալ համախառն ներքին արդյունքը:
Մենք պետք է իմանանք, որ վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի տպավորիչ տեմպը ունի երկու բաղադրիչ: Դա սեփական արտադրության ապրանքների առեւտուրն է, ինչպես նաեւ վերարտահանումը: Հասկանալի է, որ արդեն այժմ պետք է մտածել տնտեսական այնպիսի քաղաքականություն որդեգրելու մասին, որը հնարավորություն կտա տնտեսական աճ ապահովել նույնիսկ այն դեպքում, երբ վերարտահանման տեմպերը նվազեն կամ զրոյանան: Առայժմ սա մի լավ հնարավորություն է փորձարկելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային լոգիստիկ առանցքի լիարժեք գործարկման հնարավորությունըեւև դրա կարեւորությունը Հայաստանի համար»,- նշել է նա:
Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանը հայտարարել է «Խաղաղության խաչմերուկ» դառնալու իր պատրաստակամության մասին։ «Անվիճելի է, որ մեր տարածաշրջանի գործընթացները իրականում տանում են դեպի Արեւմուտք-Արեւելք ռազմավարական տրանսպորտային առանցքի զարգացում: Շատ կարեւոր է, որ այս պայմաններում Հայաստանը չմերժի նաեւ Հյուսիս-Հարավ առանցքի զարգացմանն ըստ ամենայնի մասնակցելու հնարավորությունը՝ դրանով հավասարակշռելով մեր ազգային տնտեսության վրա տարածաշրջանի տարբեր կողմերից եկող ուժեղացող ազդակները:
Եվ վերջապես: Հարկ ենք համարում շեշտել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի հաջող մասնակցությունը, հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացումը եւ խորացումը, եվրասիական ֆինանսական կառույցների կողմից ցուցաբերվելիք աջակցությունը կարեւորագույն եւ ծանրակշիռ փաստարկներ են հայ-ռուսական բազմակողմանի կապերը պահպանելու, զարգացնելու եւ ամրապնդելու համար»:





























