Մոսկվան ձգտում է ամերիկյան դոլարը փոխարինել միջազգային առեւտրում, բայց ռուսական նավթը մնացել է ծավում՝ այլընտրանքային արժույթով վճարելու պատճառով, գրել է BI-ն։
Ռուսական հում նավթի մատակարարումը Հնդկական պետական նավթային կորպորացիային (IOC) հետաձգվել է վճարման հետ կապված, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկու աղբյուրի։ Վաճառողը ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերությունն է։
Նավթ վաճառողը չի կարողացել բանկային հաշիվ բացել Արաբական Միացյալ Էմիրություններում դիրհամով։ Դա հետաձգել է «Սոկոլ» նավթի մատակարարումը։ Այսպիսով բեռները հիմնականում մնացել են ծովում Հնդկաստանի եւ Շրի Լանկայի մոտ։
Առայժմ պարզ չէ, թե որքան ռուսական նավթ է մնացել ծովում վճարման պատճառով։
Bloomberg գործակալությունը մինչ այդ տեղեկացրել էր, որ մոտ հինգ մլն բարել «Սոկոլ» նավթ, որը Ռուսաստանից ուղարկվել է Հնդկաստան, այդպես էլ տեղ չի հասել։
Վճարման խնդիրը ընդգծում է Ռուսաստանի հետ փոփխհարաբերությունների խնդիրը պատժամիջոցների պատճառով։
Հնդկաստանը դարձել է ռուսական նավթի խոշոր գնող Մոսկվայի դեմ պատժամիջոցներից հետո։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ դոլարով առեւտուրը սահմանափակվել է։
Ռուսական նավթը գնելու հնարավորություն ունենալու համար Հնդկաստանը պնդել է, որ գնումը կատարվի ռուփիով։ Բայց այդ արժույթը լիովին փոխարկելի չէ։ Դա խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար։ Հնդկաստանը կոչ է անում ռուփին ծախսել Հնդկաստանում։ Ռուսաստանի խնմիրն այն է, որ այնքան էլ շատ բան չի ցանկանում գնել Հնդկաստանից։
Այս վիճակը շրջանցելու համար ռուս պաշտոնյաները եւ նավթային ընկերությունների ղեկավարները հնդիկ գնորդներին դրդում են վճարել չինական յուանով։
Հնդկաստանի կառավարությունը անհարմարություն է զգում այս առումով, քանի որ կապված է արժույթի փոխարկելիության եւ Դելիի եւ Պեկինի աշխարհաքաղաքական մրցակցության հետ։
Կա մի արժույթ եւս, որը Ռուսաստանը կարող էր օգտագործել Հնդկաստանի հետ առեւտրում՝ դա ԱՄԷ դիրհամն է, բայց ԱՄԷ-ն ուժեղացրել է վերահսկողությունը ռուսական ընկերությունների հանդեպ։
Ռուսաստանի ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան տեղի ԶԼՄ-ներին վերջերս տված հարցազրույցում ընդունել է, որ կա խնդիր տրանսսահմանային վճարումների հետ կապված, բայց ավելացրել է, որ երկրի տնետսությունն արագ վերակառուցվում է, որպեսզի հաղթահարի միջազգային պատժամիջոցները։





























