Երեւանում, հոկտեմբերի 29-ին, Սարալանջի փողոցում բախվել են 4 ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել  փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում`Սարալանջի փողոցի նախկին «Երիտասարդական պալատի» հատվածում, BMW մակնիշի 24 OԼ 657 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել շինարարական արգելապատնեշին եւ ընկել հարակից շինհրապարակի տարածք, բախվել են «ՎԱԶ-2110» մակնիշի 19 ՏՕ 449 համարանիշի, «Շկոդա Օկտավիա» մակնիշի Տ 6790 համարանիշի (պատկանում է «Լիդեր» տաքսի ծառայությանը), «Մերսեդես Ե» մակնիշի 24 UO 701 համարանիշի  ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել եւ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց տեղափոխվել` BMW-ի վարորդ, 27-ամյա Վ. Դավթյանը, ինչպես նաեւ «ՎԱԶ-2110»-ի վարորդ, 61-ամյա Ա. Հայրապետյանը եւ ուղեւորներ` 64-ամյա Հ. Հայրապետյանը, Սուսաննա Գրիգորյանը: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

«Մերսեդես Ե»-ի վարորդ, 26-ամյա Վ. Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը միջին ծանրության է: