ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ընդունել է իր գաղտնի հոսպիտալացման վերաբերյալ «մտահոգությունները», սակայն Պենտագոնի կողմից շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ նոր մանրամասներ չի հայտնել իր վիճակի մասին։
Միայն ուրբաթ երեկոյան էրՊենտագոնն ընդունել, որ Օսթինը հոսպիտալացվել է պլանային պրոցեդուրայից հետո առաջացած բարդությունների պատճառով: Իր հայտարարության մեջ Օսթինն ասել է, որ «կարող էր ավելի լավ աշխատել՝ հասարակության պատշաճ իրազեկումն ապահովելու համար»: «Ես պարտավորվում եմ ավելի լավ աշխատել», - ավելացրել է նա:
«Բայց կարևոր է ասել, որ սա իմ բժշկական պրոցեդուրան էր, և ես ամբողջ պատասխանատվությունն իմ վրա եմ վերցնում տեղեկատվության բացահայտման իմ որոշումների համար», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:
Ո՛չ Օսթինը, ո՛չ Պենտագոնը չեն բացահայտել նրա հիվանդության բնույթը, որի պատճառով նրան հոսպիտալացրել են հունվարի 1-ից: Ըստ ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյայի, Պենտագոնը Սպիտակ տանը տեղեկացրել է Օսթինի վիճակի մասին միայն հինգշաբթի օրը՝ նրա հոսպիտալացումից երեք օր անց։
Սպիտակ տան պաշտոնյան USA TODAY-ին տեղեկացրել է, որ Բայդենն ու Օսթինը խոսել են շաբաթ երեկոյան։
«Ջերմ զրույց էր,- ասել է պաշտոնյան։- Նախագահը մեծապես վստահում է պետքարտուղար Օսթինին և անհամբեր սպասում է նրա վերադարձին Պենտագոն»:
Իր հերթին NBC News-ը հայտնել է, որ Օսթինը չորս օր անցկացրել է Ուոլթեր Ռիդ ազգային ռազմական բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա այնտեղ է մնացել նաև շաբաթ օրը, հայտնել է նրա մամուլի քարտուղար, ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:
«Ես շատ ուրախ եմ, որ ապաքինվում եմ և անհամբեր սպասում եմ արագ Պենտագոն վերադառնալուն», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդ հիվանդանոցի անձնակազմին։
Տեղեկատվության բացակայությունն այն մասին, որ 70-ամյա Օսթինը մի քանի օր հիվանդանոցում է եղել, խախտել է կանոնը, ըստ որի պետական բարձրաստիճան պաշտոնյաների առողջության մասին տեղեկություններն անարգել հրապարակվում են: Օսթինի դեպքում այդպես է եղել դեռ COVID-19 համավարակի ժամանակ:
ԶՈՒ գործերով հանձնաժողովի անդամ, Արկանզաս նահանգը ներկայացնող սենատոր Թոմ Քոթոնը պահանջել էր Օսթինից պատասխանել այն հաղորդումներին, ըստ որոնց նա ձգձգել Սպիտակ տանը տեղեկացնել իր հիվանդության մասին:
«Պաշտպանության նախարարը նախագահի և համազգեստավոր զինվորականների միջև հրամանատարական շղթայի առանցքային օղակն է, ներառյալ միջուկային հրամանատարական շղթան, որտեղ ամենակարևոր որոշումները պետք է կայացվեն հաշված րոպեների ընթացքում», - գրել է Քոթոնը:
NBC News-ը վկայաբերել է վարչակազմի երկու պաշտոնյաների, որոնք հայտարարել են, որ Օսթինն ի վիճակի չի եղել կատարել իր պարտականությունները Նոր տարուց ի վեր: Այդ դեպքում նրա պարտականությունները պետք է փոխանցվեին պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսին, որը, ինչպես USA TODAY-ին է հայտնել պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, արձակուրդում է Պուերտո Ռիկոյում և այնտեղից առօրյա գործեր է վարում:





























