GDL արհմիության մեքենավարները հայտարարել են եռօրյա գործադուլի մասին, քանի որ ձախողվել են բանակցությունները գործատուի՝ Deutsche Bahn (DB) երկաթուղային կոնցեռնի հետ։ Գնացքների տեղաշարժն ամբողջ Գերմանիայում կսահմանափակվի՝ սկսած հունվարի 10-ի ժամը 2.00-ից մինչեւ հունվարի 12-ի ժամը 18.00-ն, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։

DB-ում հայտարարել են «վթարային չվացուցակի» մասին եւ կոչ են արել ուղեւորներին տեղափոխել գործադուլի օրերին նախատեսված ուղեւորությունները։ Հունվարի 10-12-ի համար տոմսեր ունեցողները կարող են դրանցից օգտվել գործադուլից հետո կամ մինչ այդ՝ երկուշաբթի կամ երեքաբթի։ Նշանակման վայր կարելի է հասնել նույն կարգի ցանկացած գնացքով՝անկախ տոմսում նշվածից։

Մեքենավարները գործադուլներն սկսել են 2023թ. աշնանից, արհմիության եւ DB կոնցեռնի միջեւ սակագնային բանակցությունների ձախողումից հետո։ GDL-ն պահանջում է կրճատել շաբաթական աշխատանքային օրը՝ 38-ից 35 ժամի հերթափոխով աշխատող աշխատակիցների համար։ Բացի այդ, արհմիությունում պահանջում են բարձրացնել աշխատավարձը ամսական 555 եվրոյով եւ մեքենավարներին տրամադրել միանվագ փոխհատուցում գնաճի համար՝ մինչեւ 3 000 եվրոյի չափով։

Դեկտեմբերյան տոների ժամանակ GDL-ն հայտարարել էր «սուրբծննդյան հաշտության» մասին, որից, արհմիության ղեկավարության կարծիքով, DB-ն «չի օգտվել առաջարկն արժանավայել քննարկելու համար»։ Փոխզիջումը, որը ներկայացրել է կոնցեռնը հունվարի 5-ին, արհմիությունում անվանել են «ոչ էական եւ թունավոր»։