Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեն հայտարարություն է տարածել Ադրբեջանի վերաբերյալ հատուկ հաշվետվության առիթով, որը հրապարակվել է 2023թ. ԱՄՆ դավանանքի ազատության միջազգային հանձնաժողովի կողմից, դրանում Ադրբեջանը ներառվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ վերահսկիչ ցուցակում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, հայտարարությունում նշվել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին այն երկրների խմբում (հատուկ վերահսկիչ ցուցակ) ներգրավելը, որոնք չունեն միջազգային կարգավիճակ՝ Ադրբեջանում դավանանքի ազատության խախտումների հիման վրա, «ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական մանիպուլացման միջոց»։

Ընդգծվել է, որ  ամեն տարի, սկսած 2013-ից, ԱՄՆ դավանանքի ազատության միջազգային հանձնաժողովն իր հաշվետվություններում խորհուրդ է տվել պետդեպարտամենտին, որպեսզի պետքարտուղարը Ադրբեջանը ներառի «հատուկ վերահսկիչ ցուցակում», այն տարածում է կողմնակալ եւ կեղծ տեղեկություն Ադրբեջանի դեմ, եւ պետկոմիտեն քանիցս համապատասխան հայտարարություններ է արել ու բողոք հայտնել հանձնաժողովի այս ոչ ստույգ հաշվետվությունների հետ կապված. «Դավանանքի ազատության միջազգային հանձնաժողովի ներկայացրած «թերի հաշվետվությունները» չեն արտացոլում մեր երկրի իրողությունները, լիովին հակասում են իրականությանը։ Հանձնաժողովի նշված հաշվետվություններում շատ պահեր հետազոտված չեն, դրանցում հղում է արվում հայամետ աղբյուրներին, երբեմն էլ իրադարձություններին տրվում են միտումնավոր սխալ բացատրություններ։ Սա լրջորեն խափանում է հաշվետվությունների օբյեկտիվությունը, որոնք բնավ չեն համապատասխանում այն նպատակներին եւ խնդիրներին, որոնք հետապնդվել են դրանք նախապատրաստելիս։ Օգտվելով այս հնարավորությունից՝ խորհուրդ ենք տալիս պետդեպարտամենտին ջուր չլցնել հայամետ ուժերի ջրաղացին, որոնք զրպարտչության քարոզչություն են իրականացնում Ադրբեջանի դեմ, ձեռնպահ մնալ երկակի չափորոշիչների քաղաքականությունից եւ քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի նորմերի համապատասխան, նոր իրողությունների հիման վրա, որոնք ստեղծվել են տարածաշրջանում»։