Եմենի ապստամբ Անսար Ալլահ (Հութի) շարժումը նոյեմբերի 19-ից 26 հարձակում է իրականացրել Կարմիր ծովում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Հունվարի 9-ին հութիները Եմենի վերահսկողության տակ գտնվող տարածքից անօդաչու թռչող սարքերի, հականավային թեւավոր հրթիռների և հականավային բալիստիկ հրթիռների միջոցով ձեռնարկել են համալիր հարձակում Կարմիր ծովի հարավում գտնվող միջազգային նավագնացության ուղիների ուղղությամբ, որոնցով անցնում են տասնյակ առևտրային նավեր»: Այս մասին ասվում է X-ի (նախկինում՝ Twitter) CENTCOM-ի էջում հրապարակված տեղեկատվության մեջ:

«Սա հութիների 26-րդ հարձակումն է Կարմիր ծովի առևտրային ուղիների վրա նոյեմբերի 19-ից», - պարզաբանել է հրամանատարությունը: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ CENTCOM-ի տվյալներով՝ խոցվել է «18 անօդաչու թռչող սարք, 2 հականավային թեւավոր հրթիռ և 1 հականավային բալիստիկ հրթիռ»։ Ինչպես երեքշաբթի հայտնել է CNN-ը, ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են Եմենից հութիների արձակած 24 հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Անսար Ալլահի գործողությունները Կարմիր ծովում ազդում են ավելի քան 40 երկրների շահերի վրա և խաթարում են համաշխարհային ծովային երթևեկության գրեթե 20%-ը։