Գերմանիան շահագրգռված է, որպեսզի ռուս սահմանապահները դուրս բերվեն Հայաստանից, դրա եւ հակառուսական որոշ այլ քայլերի փոխարեն Բեռլինը Երեւանին առաջարկում է ֆինանսական օգնություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է իրազեկ, բայց եւ միաժամանակ անունը չնշած աղբյուրը։
«Գերմանիան ձգտում է Հայաստանը ներքաշել Արեւմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրը Մոսկվայի հետ Երեւանին առավելագույն չափով կռվեցնելն է։ Գերմանացիները շահագրգռված են, որպեսզի ռուս սահմանապահները շուտափույթ դուրս գան հայկական տարածքից, եւ որպեսզի երկրի իշխանություններն իրականացնեն իրենց պետական ապարատի մաքրում Ռուսաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված անձանցից, ներառյալ զինված ուժերի, հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների լյուստրացիան։ Բեռլինը փոխարենն առաջարկում է ֆինանսատեխնիկական օգնություն ցուցաբերել Երեւանին, ինչպես նաեւ աջակցություն Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղահայերին Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից հետ պահելու ջանքերին»,- նշել է գործակալության զրուցակիցը։





























