Եվրամիությունը դեռ կարող է հասցնել կատարել Կիեւ 1 մլն հրետանային զինամթերք մատակարարելու պարտավորությունները այս տարվա մարտին կամ ապրիլին։ Այս մասին հայտնել է ներքին շուկայի հարցերի հանձնակատար Թիերի Բրետոնը։

«Ուզում եմ այսօր ձեզ ասել, որ կկատարենք մեր պարտավորությունները [Կիեւ արկեր մատակարարելու գծով]»,- նրա խոսքերը մեջբերել է Politico թերթի եվրոպական տարբերակը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի կարծիքով՝ Ուկրաինային 1 մլն արկերով մինչեւ այս տարվա մարտի վերջ ապահովելը «լիովին իրականանալի է»։ Դրա համար միությունը պետք է կրճատի սպառազինությունների արտահանումը ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներ եւ ճնշում գործադրի Եվրամիության երկրների ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) վրա։

Եվրահանձնակատարը հավաստիացրել է, որ ԵՄ-ն կարող է հասնել Ռուսաստանին սպառազինությունների արտադրության հարցում «երկու տարվա ընթացքում»։ Նրա խոսքով՝ միության համար «չափազանց կարեւոր է» ունենալ ՌԱՀ այնպիսի պոտենցիալ, ինչպիսին Ռուսաստանինն է։