ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես է եկել Երևանի  երաժշտական և արվեստի 24 դպրոցներում: Առաջին անգամ կյանքի կոչվող ծրագիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախագիծն է:

Երկու ամիս տևեցին վարպետության դասերը, անհատական ու խմբային պարապմունքները: Ծրագրին  մասնակցեց մշակութային կրթօջախների շուրջ 1000 սան և ուսուցիչ:

Նախագծում աչքի ընկած պատանի երաժիշտները գալահամերգին ելույթ ունեցան արտիստի՝ Հայկ Մելիքյանի հետ նույն բեմում՝ ունենալով նույն հույզերն ու զգացողությունները:

«Արտիստը՝ դպրոցին» նախագիծը քաղաքի մշակութային քաղաքականության կարևոր ձեռքբերումներից է, որը կշարունակվի նաև այս տարի: Հաջորդը ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանն է. օպերային երգիչը պատրաստ է փոխանցել իր փորձն ու մասնագիտական գաղտնիքները:

2024թ. քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել  նաև լարային, ազգային, փողային նվագարանների վարպետության դասեր և համերգային ծրագրեր: