Եթե բանակի քաղաքական պատասխանատուի հարցը անմիջականորեն կապենք դժբախտ պատահարների հետ, կամ բանակում տեղի ունեցող միջին վիճակագրական հանցագործությունների հետ, ուրեմն բանակում պաշտպանության նախարար պետք է փոխվի երեւի շաբաթը մեկ կամ ամիսը մեկ-երկու անգամ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակում մեկ օրում մահվան ելքով երկու պատահար գրանցվելուց հետո չպետք է պաշտոնանկ արվի նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, այսինքն պաշտոնատար անձ, որի գործողության կամ անգործության հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ, ահա այստեղ արդեն այդ անձը պետք է անմիջապես պատասխանատվություն կրի: Դա կլինի պաշտպանության նխարարը, փոխվարչապետը, ով ուզում է լինի:
Դիտարկմանը, թե գուցե չպե՞տք է բանակի ղեկավարությունը վստահվեր պատմության ուսուցիչ Պապիկյանին, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Գուցե, բայց բանակը ղեկավարել են տարբեր ծառայողական անցյալ ունեցող մարդիկ, եւ գեներալներ, եւ քաղաքացիական կյանքից եկած անձինք: Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքացիական պաշտոնյա: Դա քաղաքական պաշտոն է, զինվորական պաշտոն չպետք է լինի:
Վերջին 1-1,5 տարվա ընթացքում բանակում տեղի ունեցող բարեփոխումները աննախադեպ ծավալի են:





























