Նյու Ջերսիի նահանգից սենատոր Ռոբերտ Մենենդեսի, որին մեղադրում են կոռուպցիայի եւ Եգիպտոսի ու Կատարի օգտին աշխատելու մեջ, փաստաբանները Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի դատարան գործը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել։

Մենենդեսի պաշտպանությունը պնդումները, թե նա «վաճառել է իր ժողովրդին», համարում է «զայրացնող սուտ եւ իրականությունը խեղաթյուրող»։ Փաստաբանները համոզված են, որ «սենատորի յուրաքանչյուր գործողություն» վկայել է նրա բարեխղճության մասին։ «Այդ դատարանը պետք է չեղարկի մեղադրական եզրակացությունը»,- նշվել է միջնորդությունում։

Սեպտեմբերին սենատորին առաջադրվել է մեղադրանք այն բանում, որ նա ու նրա կինը ներգրավված են եղել Նյու Ջերսիի երեք գործարարների հետ կոռուպցիոն կապերի մեջ եւ ստացել են հարյուր հազարավոր դոլարների կաշառք։ Սենատորը ստացել է կանխիկ դրամ, ոսկու ձուլակտորներ, թանկարժեք մեքենաներ եւ այլ արժեքավոր իրեր։ Ավելի ուշ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մենենդեսին լրացուցիչ մեղադրանք է ներկայացրել՝ Եգիպտոսի օգտին որպես չգրանցված օտարերկրյա գործակալ աշխատելու մեղադրանք։ Դատախազության վարկածով՝ Մենենդեսը կարեւոր կառավարական տեղեկություն է տրամադրել եւ ճնշում գործադրել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների վրա՝ գործելով ի շահ Եգիպտոսի։ Մասնավորապես, նա կարողացել է ազդել գործադիր իշխանության որոշման վրա, որը վերաբերել է ռազմական վաճառքներին եւ Եգիպտոսին օգնությանը։

Հունվարին Մենենդեսին կաշառք ստանալու եւ Կատարի օգտին աշխատելու լրացուցիչ մեղադրանքներ են ներկայացվել։ Դատախազությունը պնդում է, որ սենատորը որպես կաշառք ստացել է արժեքավոր իրեր, փող, «Ֆորմուլա 1»-ի ավտովազքի աշխարհի առաջնության տոմսեր եւ 10-24 հազար դոլար արժողությամբ ժամացույցներ մի գործարարից, որը շահագրգռված էր բազմամիլիոնանոց ներդրումներ ստանալու հարցում այն ընկերությունից, որը կապված էր Կատարի կառավարության հետ։ Դրա համար Մենենդեսը պետք է «այդ թվում կատարեր գործողություններ, որոնք օգուտ կբերեին Կատարի կառավարությանը»։

ԱՄՆ-ում 1938-ից գործում է Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (FARA)։