Կիպրոսցի թուրքերի գործողությունները կղզու բուֆերային գոտում հունական ու թուրքական համայնքների միջեւ բանակցությունների վերականգնմանը չեն նպաստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ կիպրոսցի թուրք զինվորականներն սկսել են խրամատներ փորել Դենիա գյուղի մոտ, բուֆերային գոտու կողքին, Կիպրոսի հույների ԶԼՄ-ները սա մատուցում են որպես թուրքական կողմի հերթական սադրանք։
«Ես տեղեկացվել եմ [թուրքական կողմի] գործողությունների մասին։ Այդ գործողությունները չեն նպաստում բանակցությունների վերականգնմանը»,- ասել է Խրիստոդուլիդիսը՝ ավելացնելով, որ տեղեկացվել են նաեւ ՄԱԿ-ը եւ ԵՄ-ն։ «Ես շփվել եմ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ,- շարունակել է պետության ղեկավարը։- Ես տեղի համայնքի ղեկավարին տեղեկացրել եմ, որ Կիպրոսի Հանրապետությունը ձեռնակում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի բուֆերային գոտուն հարող տարածքի բնակիչներն իրենց անվտանգ զգան»։
Խրիստոդուլիդիսը նշել է, որ կիպրոսցի թուրք զինվորականների գործողությունները չեն խախտում բուֆերային գոտու կարգավիճակը, քանի որ իրականացվում են նրա սահմաններից դուրս։ Բայց դրանք բացասաբար են անդրադառնում «ընդհանուր առմամբ իրավիճակի վրա»՝ ուժեղացնելով լարվածությունը։ Անցած շաբաթ ՄԱԿ գխավոր քարտուղարի Կիպրոսում հատուկ ներկայացուցիչ Քոլին Սթյուարտը մտահոգություն էր հայտնել բուֆերային գոտում աճող ռազմականացման հետ կապված։





























