2024 ֆինանսական տարում Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (ավելի քան երեք միլիարդ դոլար) չափով ռազմական օգնություն կտրամադրի, ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է ռազմական օգնության տրամադրման մասին հունվարի 12-ին Կիև իր այցից առաջ, որտեղ նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հայտարարված գումարից առնվազն 200 միլիոն ֆունտ ստերլինգը կծախսվի հազարավոր անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ հետախուզական, հարձակողական և ծովային անօդաչու թռչող սարքերի գնման և արտադրության վրա։ Բրիտանական կառավարության հայտարարության մեջ այս գնումն անվանում են բոլոր երկրների շարքում  անօդաչու սարքերի ամենամեծ մատակարարումն Ուկրաինա։ Բացի այդ, ֆինանսավորումն Ուկրաինային կտրամադրի հեռահար հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանային զինամթերք։

Գումարը, որը Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի առաջիկա երկու տարիներին՝ որպես ռազմական օգնության մաս, 200 միլիոն ֆունտ ստեռլինգով ավելի է, քան 2022-2023 թվականներին, նշում է կառավարության կայքը։

Բացի այդ, որպես մարդասիրական օգնության մի մաս, Մեծ Բրիտանիան ևս 18 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 23 միլիոն դոլար) կտրամադրի, որի մի մասը կուղղվի ՄԱԿ-ին և Կարմիր Խաչին աջակցելուն և ռուսական հարձակումների հետ կապված Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդմանը:

Նախատեսվում է նաև, որ Զելենսկին և Սունակը անվտանգության ոլորտում երկրների միջև համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Այն ներառում է հետախուզության փոխանակում, կիբերանվտանգություն, բժշկական և ռազմական ուսուցում և պաշտպանական-արդյունաբերական համագործակցություն: