Լեհաստանի նախկին վարչապետ Մաթեուշ Մորավեցկին նախազգուշացրել է, որ պատերազմն Ուկրաինայում «ճիշտ ուղղությամբ չի ընթանում»։

Այս նախազգուշացումը հնչել է Express բրիտանական պարբերականի բացառիկ հարցազրույցում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Կիեւ կատարելիք չպլանավորված այցի նախօրեին։

Նախկին վարչապետը իրավիճակն անվանել է «խորապես տագնապալի», քանի որ Ռուսաստանը շարունակում է հարձակումներն ուկրաինական քաղաքների վրա։

Նա նշել է, որ գարնանային հարձակումը, որն Ուկրաինան սկսել էր անցած տարի ՆԱՏՕ աջակցությամբ, չի կարողացել բեկել պատերազմի ընթացքը։

«Ուկրաինան ճիշտ ուղղությամբ չի ընթանում, հակահարձակումը հաջողությամբ չի պսակվել։ Մենք պետք է ամփոփենք այն որպես անհաջող, եւ դա նշանակում է, որ Ռուսաստանը, նախագահ Պուտինը համբերություն ունեն միջազգային քաղաքականությունում»,- ասել է Մորավեցկին։

Նախագահի ընտրությունները ՌԴ-ում Մորավեցկին պարզապես թատրոն է անվանել։ Նրա կարծիքով՝ «ռուսները կկարողանան իրենց ռազմավարական շահերը դիտարկել շատ ավելի երկար հեռանկարի համար, նրանք մեծ ռեսուրսներ ունեն արդյունաբերության, մարդկանց առումով»,- ասել է նա։

Սկանդինավյան երկրները Լեհաստանի հետ միասին «բոլորից բարձր են գոռում Ռուսաստանի աճող սպառնալիքի մասին», ասել է Մորավեցկին։  Սա վկայում է  անվտանգության եւ պատերազմի հարցերում համակարծիք լինելու մասին։ Սա միակ կողմնակի ազդեցությունն է, եթե կարելի է այդպես արտահայտվել, որը տեղի է ունեցել Ուկրաինայում պատերազմի արդյունքում։ Ֆինլանդիան եւ Շվեդիան դարձել են ՆԱՏՕ-ի մաս, Բալթիկ ծովը դարձել է ՆԱՏՕ ներքին ծով»,- ասել է նա։