ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 12-ին հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավայի հետ եւ հաստատել ամերիկա-ճապոնական ամուր դաշինքի կարեւոր նշանակությունը գլոբալ խաղաղության, անվտանգության հարցում։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հաղորդագրությունում։
Նշվել է, որ Բլինքենը ցավակցություն է հայտնել Իսիկավայում հունվարի 1-ի երկրաշարժի, ինչպես նաեւ հունվարի 2-ին «Հանեդա» օդանավակայանում Ճապոնիայի ափային պահպանության ինքնաթիռի եւ ուղեւորատար ինքնաթիռի բախման զոհերի առնչությամբ։
«Պետքարտուղար Բլինքենը եւ Ճապոնիայի արտգործնախարար Կամիկավան քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում, երկու երկրների անփոփոխ աջակցությունը Ուկրաինային, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության պահպանման կարեւորությունը Թայվանի նեղուցի երկու կողմերում եւ Հարավչինական ծովում։ Նրանք քննարկել են նաեւ համագործակցության հնարավորությունը կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերի ոլորտներում»,- նշվել է Միլլերի հաղորդագրությունում։





























