Միացյալ Նահանգները շնորհավորում է դոկտոր Լայ Չինգ-տեին՝ Թայվանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Մենք նաև շնորհավորում ենք Թայվանի ժողովրդին՝ իրենց հուսալի ժողովրդավարական համակարգի և ընտրական գործընթացի ուժը ևս մեկ անգամ ցուցադրելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշել է Պետդեպարտամենտը իր հայտարարության մեջ, Միացյալ Նահանգները հավատարիմ է «խաղաղություն և կայունություն պահպանել նեղուցի երկու կողմերում և խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները՝ առանց հարկադրանքի կամ ճնշման»։
«Մենք անհամբեր սպասում ենք դոկտոր Լայի և Թայվանի բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ մեր համատեղ աշխատանքին՝ առաջ տանելու մեր ընդհանուր շահերն ու արժեքները և ամրապնդելու մեր երկարամյա ոչ պաշտոնական հարաբերությունները՝ համաձայն ԱՄՆ-ի «Մեկ Չինաստան» քաղաքականությանը և առաջնորդվելով Թայվանի հետհարաբերությունների մասին օրենքով, երեք համատեղ կոմյունիկեով և վեց երաշխիքներով։ Մենք վստահ ենք, որ Թայվանը կշարունակի օրինակ ծառայել բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ազատության, ժողովրդավարության և բարգավաճման», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Չինաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, արձագանքել է ԱՄՆ-ի շնորհավորանքներին՝ նշելով, որ Թայվանի ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը «լրջորեն խախտում է «Մեկ Չինաստանի» և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի սկզբունքը և հակասում ԱՄՆ-ի սեփական քաղաքական պարտավորությանը՝ Թայվանի ժողովրդի հետ միայն մշակութային, առևտրային և այլ ոչ պաշտոնական հարաբերություններ ունենալու պարտավորությանը»:
«Դա նաև չափազանց սխալ ազդանշան է ուղարկում Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերին: Մենք խորապես ցավում ենք և կտրականապես դեմ ենք դրան և լուրջ հայտարարություններ ենք արել ամերիկյան կողմին։
Թայվանի խնդիրը Չինաստանի հիմնական շահերի հիմքում է և առաջին կարմիր գիծն է, որը չի կարելի հատել չին-ամերիկյան հարաբերություններում», - նշվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Թայվանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է կղզու իշխող կուսակցության թեկնածու Լայ Չինգ-տեն։
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի աջակցում Թայվանի անկախությանը։





























