Ակնկալվում է, որ Գերմանիան կմասնակցի Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու Եվրամիության ռազմածովային առաքելությանը, որը ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն այս ամիս, հայտնել է Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի ղեկավար Մարիա-Ագնես Շտրակ-Ցիմերմանը, գրում է Welt am Sonntag-ը։
Կիրակի օրը ելույթ ունենալով իր կուսակցության ամանորյա ընդունելության ժամանակ՝ Շտրակ-Ցիմերմանն ասել է, որ ԵՄ ֆրեգատների առաքելության նպատակն է նեղուցով անցնող առևտրային նավերի պաշտպանությունը:
«Սա հարձակում է ազատ առևտրի վրա, և դրան պետք է դիմակայել», - ասել է նա։
Գերմանական «Հեսսեն» ֆրեգատը Կարմիր ծով կուղևորվի փետրվարի 1-ին։
Սուեզի ջրանցքի՝ աշխարհի ամենակարևոր նավագնացության ուղիներից մեկի, մուտքի ուղիները գործնականում կաթվածահար են եղել հութիների կողմից անցնող նավերի վրա հարձակումների պատճառով, որոնք իրենց գործողությունները բացատրում են որպես բողոք Գազայի պատերազմի դեմ:
Միևնույն ժամանակ, նավերին հետևող Marinetraffic ծառայության վերջին տվյալների համաձայն, ավելի քան 200 նավ է գտնվում Կարմիր ծովի ջրային տարածքում, Սուեզի ջրանցքով նավագնացությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին՝ իրենց գործողությունները բացատրելով Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։





























