Հայաստանում օրենսդրական մակարդակով կկարգավորվի զենքի կիրառմամբ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքի հարցը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Զենքի շրջանառության գործընթացի կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցման քննարկման ժամանակ, հունվարի 15-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Ներկայացված փաթեթը, բացի իր հիմնական պաշտպանական գործառույթից, հետապնդում է նաեւ հրաձգասպորտի զարգացման նպատակ։ Այն ուղղված է ոլորտում կոռուպցիայի հնարավոր դրսեւորումների բացառմանը, անօրինական զենքի քանակության կրճատմանը եւ դրա աստիճանական դուրսբերմանն անօրինական շրջանառությունից։

Երկրի քաղաքացիները, մասնավորապես, իրավունք կստանան հրազեն կրել մի շարք պահանջների կատարման դեպքում։ Դրանց թվում են հոգեկան կայունությունը, համապատասխան լիցենզիայի առկայությունը եւ այլն։

Իսկ ՀՀ Քննչական կոմիտեի Գլխավոր զինվորական քննչական վարչության քննիչները իրավունք կստանան կրել մարտական ինքնաձիգներ։

«Դա կապված է զինվորական քննիչների աշխատանքի առանձնահատկության հետ»,- նշվել է օրինագծում։ Ինքնաձիգների կրման իրավունք կունենան բացառապես զինվորական քննիչները։