Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ուր այսօր` նոյեմբերի 1-ին, սկսել են բյուջետային քննարկումները, հերթական զավեշտալի բանավեճը գրանցվեց: Երբ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացնում էր ԿԲ 2012 թ. ծախսերը, հարց տալու համար ձայն խնդրեց գործարար պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ենոքյանը:

Ներկայացնում ենք նրա հարցադրման սղագրության որոշ հատվածներ. «Բանկերը գործուղվա՞ծ են Թուրքիայից, էդ նպատակո՞վ են եկել, որ քանդեն Հայաստան աշխարհը, բոլորը գնա՞ն ու մնա էս հողուջուրը: Բանկերին չի՞ կարելի ինչ-որ ձեւով ղեկավարել, ինչ-որ մի հնար տալ զարգացնել փոքր բիզնեսը` փոքր տոկոսով, 6 կամ 5 տոկոսով, ոչ 10-12 տոկոսով, որը քանի ծանոթ են ման գալի, որ ընկնեն 10-ի վրա (նկատի ունի վարկերի տոկոսադրույքները,-NEWS.am): Ժամանակն է, 20 տարին անցավ, ճար գտեք, փոքր բիզնեսին ցածր տոկոսով վարկ տվեք, չթողնեն էս երկրից փախնեն: Էս պահին, մեր մեծերի ասելով` 1.8 մլն էլ չի մնացել, հետո՞ 10 տարի հետո մարդ էլ չի մնալու…»

Այս էմոցիոնալ ելույթ-հարցադրումից հետո նիստը վարող ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գ. Մինասյանը հետաքրքրվեց` «բայց էդ մեծ մեծ մարդիկ ովքե՞ր են»:

«Շառլ Ազնավուրն է ելույթ ունեցել…»,- պատասխանեց Գ. Ենոքյանը:

Գ. Մինասյանի արձագանքը նույնպես կարելի է դասել էմոցիոնալների շարքին. «Երեւի ինքը շատ մեծա, երեւի արդեն լավ չի տեսնում էլի…հետո պետք է խնդրեմ հարցեր տաք, ուրիշ բաներ մի ասեք…»: